Կրկին մարդաշատ էր Հայաստանի պետական պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը:
Ալավերդու արհեստագործական ուսումնարանի տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ իր նկարների առաջին անհատական ցուցահանդեսով էր արժևորել իր ծննդյան 60-ամյա հոբելյանը:
Ժամանակին եղել եմ Վարուժան Սիմոնյանի գործընկերը Ալավերդու քաղաքապետարանում, դրանից էլ վաղ գիտեի նրա նկարելու շնորհքի մասին, բայց այն, ինչ տեսա և զգացի ցուցահանդեսում, ավելին էր, քան զարմանքն ու հիացմունքը:
Ահա ձեռքիս նրա գեղանկարների ալբոմն է, որ պատշաճ որակով տպագրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ «Հայկական ներկապնակ» ծրագրի ղեկավար, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի աջակցությամբ և առաջնախոսք-գնահատականով: Վարուժան Սիմոնյանի առաջին վրձնահարվածներում (նկարել սկսել է 2011-ից) հայրենի բնաշխարհն է, նրա անկյունները:
Վրձնի հիշողության ձայնը պատմական Ակոռիից ներկաներին հասցնում է Աքորի` Վարուժան Սիմոնյանի մանկության կածանները («Գյուղական դրվագ», «Հվանաձոր», «Դեպի Ակոռի»): Նրա ստեղծագործական որոնումները չեն սահմանափակվում Լոռվա ձորով: Ահա «Նորավանքը»` Վայոց ձոր, «Ծաղկի գոհարիկները»` Դիլիջան, «Սուրբ խաչը»` Վան, «Եգիպտական արևը»` Շարմ Էյլ Շեյխ:
Գեղանկարիչ, «Հայկական ներկապնակ» ծրագրի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ավետիսյանի բնորոշումով՝ Վարուժանը պրպտող և ստեղծագործող նկարիչ է: Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն, նկարիչների միության անդամ Ռաֆայել Ջավախյանի խոսքում էլ նա բնորոշվեց էությամբ մշակույթի մարդ, համարվեց նատյուրմորտների և դիմանկարների նկարիչ: Ի դեպ, վերը հիշատակված ալբոմը ներառում է նաև Սիմոնյանների դիմանկարային տոհմածառը:
Վարուժան Սիմոնյանն իր մարդկային որակով և աշխատանքային ուղիով կարողացել է ինքնահաստատվել: Ալավերդու համայնքի ավագանու անդամն իր բազում պարգևներին ավելացրեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալը» և «Լոռվա ձոր» հայրենակցական միության պարգևը («Թումանյանի հետնորդ»): Նրա մարդկային որակին ավելացավ ևս մեկը` ստեղծագործականը, որը նման է նրա մարդկային նկարագրին` բարի, սրտամոտ, հյուրասեր, պայծառ: Ցուցահանդեսը բնորոշվեց նաև մտերմիկ մաղթանքներով լի գինեձոնով և քաղաքի մանկական արվեստի դպրոցի սաների գեղարվեստական կատարումներով: Մայիսի վերջին Վարուժան Սիմոնյանի նկարները իր համերկրացիներին կներկայանան արդեն Երևանում:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ